National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.04.2016
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 2

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դեղերի մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը: Նա տեղեկացրել է, որ պատգամավորներից ստացված 30 առաջարկների մի մասն ընդունվել է: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթի հիմնական նպատակը դեղերի անվտանգության, մատչելիության եւ որակի ապահովումն է:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթի ընդունումը, ըստ հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանի, պայմանավորված է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում առկա չկարգավորված հարաբերությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ եւ նպատակ ունի նաեւ լրացնել օրենսդրական այն բացը, որն առկա է ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի կողմից վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավահարաբերություններում:

Մասնավորապես, առաջարկվում է վերատադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխային մինչեւ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտված անձին կամ ամուսիններին հանձնելն անցկացնել ԴՆԹ-ի թեստ՝ պարզելու, թե արդյոք նշված անձինք երեխայի կենսաբանական ծնողներն են, կամ առնվազն նրանցից մեկը, եւ միայն դրական արդյունքի դեպքում երեխային հանձնել նրանց: Ամրագրված է նաեւ, որ կինը չի կարող երկու անգամից ավելի հանդես գալ որպես փոխնակ մայր: Օրենսդրական փաթեթով ամրագրված է նաեւ, որ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքը փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ժամանակ չի տարածվում ՀՀ օրենսդրության սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող ՀՀ գտնվող կամ բնակվող օտաերկրացիների նկատմամբ:

Փաթեթում ամրագրված է նաեւ, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձի կողմից դիտավորությամբ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու՝ օրենքով սահմանված կանոնների խախտումը ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձի նկատմամբ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:

Օրենսդրական նախաձեռնություններն ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվեն ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի եւ ապրիլի 25- 28-ի նիստերի օրակարգերի նախագծերում:

Նույն օրը ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվությունը, որը ներկայացրել է ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 23 ընթացիկ հաշվետվություններում, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ Ազգային ժողով:

Տեղեկացվել է, որ հաստատված 23 հաշվետվություններից մեկում առկա է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, հետեւաբար, Վերահսկիչ պալատի պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված է 22 ընթացիկ հաշվետվություն:

Հաշվետվությունը ներառում է հաշվետու տարում ՎՊ գործունեության ընդհանուր նկարագիրը, վերահսկողության հիմնական արդյունքները, վերահսկողության արդյունքում հայտնաբերված եւ արձանագրված խախտումները, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ներկայացված համապատասխան առաջարկությունները եւ եզրակացությունները: Վերահսկողության արդյունքները ներառել են սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահության, էներգետիկայի, ջրային տնտեսության, դատաիրավական ոլորտները, ինչպես նաեւ վարկային եւ դրամաշնորհային այլ ծրագրերը:

Վերահսկողության արդյունքում ներկայացվել է 64 առաջարկություն, որից 36-ն առնչվում է անմիջապես ակնկալվող արդյունքներին, 13-ը` խնդիրների կարգավորմանը, իսկ 15-ը` ենթակառուցվածքների բարելավմանը:

Այնուհետեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է ՀՀ ԿԲ-ի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (գնաճի հաշվետվություն) եւ ՀՀ ԿԲ-ի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am